Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Կենսառիթմերը բռնություն չեն հանդուրժում

Կենսառիթմերը  բռնություն  չեն հանդուրժում

Երբ մարդ վատ է զգում, ամենից քիչ է մտածում, որ պատճառը կարող է սեփական «ներքին ժամացույցի» խափանումը լինել: Առաջին հայացքից վտանգ չներկայացնող այս վիճակն իրականում ավելի լուրջ է: Խոսքը, ասպես կոչված` կենսառիթմերի մասին է, որոնց գոյությունն այսօր ընդունում է անգամ ժամանակակից բժշկությունը:

 

Օրգանիզմի բոլոր ֆիզիոլոգիական կենսընթացները  կապված են կենսառիթմերի հետ. սննդի ընդունումը, ֆիզիկական ակտիվության վերելքը կամ անկումը, որոնք  անհատական բնույթ են կրում: Իզուր չէ, որ ոմանց ՙբու՚ են անվանում, ոմանց` «արտույտ»: Բուերը սովոր են քնել գիշերվա 2-ին, արթնանալ առավոտյան 10-ին, արտույտները` արթնանալ առավոտյան 7-ին, քնել` 23-ին: Ցավոք սրտի, կյանքում ստիպված ենք հարմարվել տվյալ իրավիճակին: Երբեմն մարդը ստիպված է վաղ արթնանալ, սակայն նրա օրգանիզմը չի արթնացել և դեռևս հանգստի պահանջ ունի: Նա արհեստականորեն խթանում է սեփական կենսական ուժերը, խմելով սուրճ կամ տարբեր դեղամիջոցներ: Սա օրգանիզմի համար հսկայական սթրես է: Զարմանալի չէ, որ շատերը անքնությամբ են տառապում, նրանց անհանգստացնում են գլխացավերը, սիրտանոթային համակարգի հիվանդություններ են զարգանում, նյարդերը թուլանում են: 

 

Գիտնականներին վաղուց արդեն հաջողվել է պարզել, որ որոշ հիվանդությունների առաջացման և քնի տևողության միջև որոշակի կապ գոյություն ունի: Այսպես, ամերիկացի հետազոտողներն այն եզրակացության են եկել, որ հետդաշտանադադարի շրջանում գտնվող կանայք պետք է գիշերը 7 ժամ քնեն: Եթե այն  տևում է 9 ժամից ավելի, ուղեղի արյան անոթների` կաթվածի ենթարկվելու ռիսկը մեծանում է 70%-ով, 6 ժամից պակաս քնելու դեպքում` 14%-ով: Օրվա ռիթմերի փոփոխությունը կարող է նպաստել նաև արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը, հետևաբար և դիաբետի զարգացմանը, ինչպես նաև ճարպակալմանն ու սրտի և անոթների հետ կապված խնդիրների առաջացմանը: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կանադայի և Դանիայի գիտնականների միջազգային մի խումբ ապացուցել է, որ նշված հիվանդությունների առաջացման պատճառը հաճախ քնի և արթուն վիճակի ժամանակահատվածների կարգավորման համար պատասխանատու մելատոնին հորմոնի արտադրությունը հսկող գենի ֆունկցիայի խանգարումն է: Ինսուլինը, որի անբավարար քանակը շաքարային դիաբետի առաջացման պատճառ է դառնում, կապված օրվա ժամերի հետ, նույնպես արտադրվում է օրգանիզմում տարբեր քանակներով: Գենային մուտացիայի հետևանքով օրգանիզմում ներզատական համակարգի խանգարումներ են առաջանում, իսկ դրանք հիվանդության սկիզբն են: 

 

Այս բոլորն ամենևին էլ չի նշանակում, որ լիովին կարելի է պաշտպանվել կենսառիթմերի խանգարման պատճառով առաջացող հիվանդություններից, առնվազը կարելի է նվազեցնել դրանց զարգացման ռիսկը: Ինչպե՞ս:

 

Նախ ուշադիր ուսումնասիրեք սեփական օրգանիզմը, ավելի լավ է դա անել այն օրերին, երբ չեք աշխատում: Արձանագրեք, թե երբ եք արթնանում (առանց զարթուցիչի օգնության), երբ եք ուզում քնել, երբ եք ուժերի հորդում զգում: Այս հարցերի պատասխաններն անհրաժեշտ է գրանցել, այսպիսով դուք կկազմեք սեփական կենսառիթմերի անհատական գրաֆիկը: Եթե այն չի համապատասխանում ձեր աշխատանքային գրաֆիկին, ապա հարմարեցրեք այն մասամբ: Պետք չէ տանը նախաճաշել, եթե առավոտյան ախորժակ չունեք: Կարելի է նախաճաշել աշխատավայրում, կամ այն ժամանակ, երբ դրա կարիքը զգացվում է ու քաղցած եք: Որոշ դեպքերում կարելի է արմատական փոփոխություններ մտցնել օրակարգում կամ առաջնորդվել համաձայն անհատական գրաֆիկի: Մեր օրերում այն դժվարություն չի ներկայացնում: Շատ ավելի բարդ խնդիրներ են ընտանիքի հետ կապված պարտականությունները: Օրինակ, «բուն» դժվար է ուժեր գտնում, որպեսզի վաղ առավոտյան երեխային ուղեկցի դպրոց կամ մանկապարտեզ, կանայք դժվարանում են ամուսինների ու երեխաների համար նախաճաշ պատրաստել: Կարելի է խնդրել հարազատներին, որ օգնեն, կամ, եթե կա հնարավորություն, դայակ, տնային տնտեսուհի վարձել: Կանանցից ոմանք նախաճաշը պատրաստում են դեռ նախորդ երեկո: Եթե ձեր ընտանիքի անդամները չափահաս են ու կարող են ինքնուրույն հոգալ նրանց մասին, կարող եք առավոտյան հանգիստ քնել, ինչպես դա պահանջում է ձեր օրգանիզմը: Ամենակարևորն այն է, որ դուք հաճախակի «լսեք նրա ձայնը», ջանացեք զգալ, թե ինչ է նա պահանջում տվյալ պահին:

Հեղինակ. Ա.Խ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2010 (286)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ